Մայիսի 23-ին 1918 թ. սկսվել է Բաշ-Ապարանի հերոսամարտը:

Ապարանի հերոսամարտը հայ ազգի մղած եզակի կռիվներից է։ Այստեղ հիմնական կռվող ուժը ճակատամարտի առաջին օրվանից մինչև հաղթական ավարտը ապարանցի աշխարհազորայիններն էին։ Այդ նրանք են հավաքական որոշում կայացրել՝ փակել թուրքի ճանապարհը և պահպանել սեփական ընտանիքների պատիվն ու արժանապատվությունը։

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: 

Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

Ճակատամարտի ժամանակագրությունը.      

  • Մայիսի 23։ Հայաստանում պահեստային զինված ուժեր չկային։ Ամբողջ օրը Ապարանի ռազմաճակատում թշնամուն դիմագրավել են ապարանցի աշխարհազորայինները։ Թուրքերը հրետանու և գնդացրային կրակով ճնշել են մոտ 8 կիլոմետրանոց ռազմաճակատի ամբողջ գիծը պահող աշխարհազորայիններին։ Չնայած համառ դիմադրությանը՝ կորուստները զգալի էին, և մարտական գործողությունները ղեկավարող Արսեն Տեր-Պողոսյանը երեկոյան հրամայել է նահանջել երկրորդ գիծ։ Ապարանի և Աշտարակի գավառակների թիկունքային գյուղերից Սեդրակ Ջալալյանը կարողացել է մարտադաշտ ուղարկել աշխարհազորայինների մի քանի նոր ջոկատ։ Առաջինը մարտադաշտ են հասել 100 դովրեցիներ՝ քահանա Տեր Գևորգի գլխավորությամբ։ Երեկոյան կողմ միայն ապարանցի աշխարհազորայինների թիվը հասել է 4500-ի, աշտարակցիների հետ՝ 5000-ի։ Դրոն ոտքի է հանել ու Ապարանի ճակատ ճանապարհել գրեթե բոլոր զինված խմբերը։ Մինչև կեսգիշեր Ապարանի ռազմաճակատ են հասել գանձակեցի պորուչիկ Զեմլյակի (Հարություն Նանումյան), զանգեզուրցի Յապոնի, գառնեցի ՄարտիրոսիՔաչալ Ղազարի, սասունցի Մանուկի, մակվեցի Մեսրոպի (հին բայազետցիների), բուլանղցի Մուրադի ջոկատները։
  • Մայիսի 24։ Արամ Մանուկյանի գիտությամբ՝ Երևանի զորաբաժնի հրամանատարությունը որոշել է Սարդարապատից Ապարանի ռազմաճակատ փոխադրել կանոնավոր ռազմական միավորումներ։ Օրվա առաջին կեսին Արագածի ստորոտով՝ Արագած—Քուչակ գյուղերի վրայով ճակատ է մտել և ռազմաճակատի ձախ կողմում դիրքավորվել գնդապետ Դոլուխանյանի 6-րդ հրաձգային գունդը, որը համալրվել էր հիմնականում ապարանցի մարտիկներով։ Նույն օրվա ընթացքում Ապարանիռազմաճակատ են հասել փոխգնդապետ Կորելկովի հեծյալ գունդը, կապիտաններ Սակելյարիի եւ Կլիչի հրետանային մարտկոցները, որոնցից մեկը դիրքավորվել էԱպարան գյուղի “Դեմեր” կոչվող հատվածում։ Աշխարհազորի, զինված խմբերի, զորամիավորումների մարտիկների ընդհանուր թիվը 7000-ից անցել է։
  • Մայիսի 25։ Թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան Հայաստանի երեք ուղղություններում՝ Սարդարապատի, ԱպարանիՎանաձորի ուղղությամբ գործող զորամիավորումներին վճռական հարձակման հրաման է տվել, և այդ օրը Ապարանի ճակատը դարձել է Հայաստանում ծավալված պատերազմի կենտրոն։ Բավական էր թուրքերն այստեղ ճեղքեին պաշտպանությունը, և անմիջականորեն հարվածի տակ կմնար Սարդարապատը։ Կեսօրին, անձրևի տակ թուրքերը փորձել են Սարալանջ գյուղից արևելք ընկած հատվածում անցնել հորդացած Քասաղ գետը, դուրս գալ աշխարհազորայինների թիկունքը և կոտրել ապարանցիների դիմադրությունը։ Պահը դարձել է օրհասական, բայց տեղ հասած կադրային ջոկատները գրավելով Քասաղի երկու ափերի բարձունքները, կրակի տակ են առել թուրքերին ու ստիպել նրանց անկանոն նահանջել։ Օրվա երկրորդ կեսին թուրքերը կատաղի գրոհ են ձեռնարկել Արագածի փեշին։ Գերակշիռ ուժերով նրանց հաջողվել է ճեղքել հայերի պաշտպանությունը Ալուջայի ձորի մոտ և ավելի քան մեկ կիլոմետր թափանցել հայերի թիկունքը։ Ճակատը թեև մեծ դժվարությամբ, բայց փակվել է, և թուրքերը հայտնվել են երկկողմ կրակի տակ։ Եղվարդի կողմից մարտադաշտ հասած գնդապետ Զալինյանի 300 զինվորներն ու Արագածի փեշով առաջացող փարպեցի աշխարհազորայինների հարյուրյակը (Տեր Գևորգ քահանայի գլխավորությամբ) փակել են թուրքերի ճանապարհը, և վերջիններս հայտնվելով եռակողմ կրակի տակ՝ գլխովին ոչնչացվել են (միայն քչերին է հաջողվել դեպի Արագածի գագաթը փախչելով՝ փրկվել)։ Կեսօրին Ապարանի ռազմաճակատում նոր վտանգի ուղղություններ են ի հայտ եկել։ Թուրքական հրամանատարության պահանջով Ապարանի գավառի արևելյան կողմից՝ Ձորագլուխ գյուղի ուղղությամբ հարձակման են անցել Հանքավանումբնակվող թուրքերը։ Թշնամու ճանապարհն այս ուղղությամբ փակել է Ձորագլխի, Թթուջրի, Չքնաղի բնակիչներից կազմված միացյալ ջոկատը։ Մարտը տեղի է ունեցելԿարմիր վանք հնավայր-բնակավայրի մատույցներում։ Թուրքերին չի հաջողվել կոտրել ապարանցի աշխարհազորայինների դիմադրությունը և չորսժամյա մարտից հետո հետ են քաշվել՝ մարտադաշտում թողնելով քսանից ավելի դիակ։ Զոհվել է նաև ձորագլխեցի տիրացու Հարությունը։ Գրեթե նույն ժամանակ Բուժական գյուղի կողմից ավելի քան հինգ հարյուր թուրքեր նոր ճակատ են բացել Նորաշեն-Երնջատափ գյուղերի ուղղությամբ։ Հարձակման մասին տեղեկացված հայկական հրամանատարությունը այս ուղղությամբ ևս հասցրել էր պաշտպանական խրամատներ փորել Նորաշեն գյուղից շուրջ երկու կիլոմետր արևելք գտնվող ավերակ բերդից մինչև Երնջատափ գյուղի քարհանքը։ Պաշտպանական այս հատվածում կենտրոնացվել են Նորաշեն և Երնջատափ գյուղերի գրեթե բոլոր տղամարդիկ. շուրջ երեք հարյուր տղամարդ։ Սկսված մարտի լուրն ստանալուն պես հայկական հրամանատարությունը այս ճակատ է ուղարկել Վարդենիս (գյուղ)ից հավաքագրված հարյուրյակը։ Այս ուղղությամբ մարտը շարունակվել է և այդ օրը մինչև մութն ընկնելը, և մինչև հաջորդ օրվա վերջը։ Այս ուղղությամբ ևս թուրքերին չի հաջողվել խուճապ առաջացնել արդեն երեք կողմից կռվող ապարանցիների դեմ և հնարավորություն ստեղծել թուրքական հիմնական ուժերի համար, ճեղքելու ռազմաճակատի կենտրոնական հատվածը։ Թուրքերն այս ուղղությամբ տվել են հարյուրից ավելի զոհ։ Հայկական կողմից զոհվել են 17 նորաշենցի, 3 երնջատափցի, 1 վարդենիսցի։ Ապարանի հերոսամարտի նախորդ ուսումնասիրողներից որևէ մեկը Ձորագլխի և Նորաշեն-Երնջատափի ռազմագործողությունների մասին տեղեկություն չունի, իսկ որոշներն էլ կարծել են, թե թուրքերը ճեղքել են ճակատը և հասել մինչև Քուչակ և Երնջատափ։ Թուրքերն այդ օրը մարտադաշտում թողել են 1000-ից ավելի դիակ, գնդացիրներ, զենք, զինամթերք։
  • Մայիսի 26։ Դիրքային փոփոխություններ չեն եղել։ Թուրքերը մի քանի ուղղություններում փորձել են առաջ շարժվել, սակայն չի հաջողվել։ Օրվա վերջին Սարդարապատից Ապարան են փոխադրվել կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը, գնդապետ Հովսեփյանի 5-րդ հրաձգային գունդը։
  • Մայիսի 27։ Ապարանի ռազմաճակատում հայ աշխարհազորայինների, զինված խմբերի, կադրային զինվորների թիվն անցել է 9000-ից։ Թեև թուրքերը դարձյալ թվական գերազանցություն ունեին, բայց հոգեբանական առավելությունն անվերապահորեն անցել էր հայերի կողմը։ Չկարողանալով դիմագրավել հայերի գրոհներին՝ թուրքերը թողել են ՆիգավանըՄելիքգյուղը և կենտրոնացել են Ճահճուտի մոտակա բարձունքներում։
  • Մայիսի 28։ Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարել է անկախ պետություն և
    ստանձնել իշխանության պատասխանատվությունը։ ԲայցԱպարանի ռազմաճակատում այդ կարևորագույն նորությունը դեռևս չգիտեին։ Դրաստամատ Կանայանն անձամբ ամբողջ ճակատը տարել է թշնամու դեմ գրոհի։ Դիրքերը գրավվել են զոհերի գնով։ Այդ օրը զոհվել են սեբաստացի Ազարիկը, գանձակեցի Զեմլյակը, գառնեցի Մարտիրոսի հորեղբորորդին, այլ քաջորդիներ։ Չնայած կորուստներին՝ հայերը գրոհը չեն դադարեցրել նաև գիշերը։
  • Մայիսի 29։ Թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։
Այս նյութը հրատարակվել է Պատմություն-ում և պիտակվել , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն