Քեզ որտեղի՞ց այդքան փող, Րաֆֆի՛:

448704_originalԵրեկ մեկնարկել է տխրահռչակ նախընտրական քարոզարշավը, զգացնել տալով առաջին իսկ րոպեներից: Բայց այս անգամ համը հանեց ոչ թե մեր գործող նախագահը, այլ սարեր շարժող Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ես ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել, քանի որ իր շնորհիվ երեկ գրեթե չեմ մտել համացանց, այդ թվում նաև Ֆեյսբուք, և արդյունքում հասցրել եմ պատրաստել և վաղաժամ հանձնել իմ բոլոր հաշվետվությունները, ինչը անչափ զարմացրեց մեր տնօրենին: Նմանատիպ աշխատասիրության պատճառը, սակայն, շատ տրիվիալ է. իմ աչքերը, ուղեղը չդիմացան հոգեբանական ճնշմանը, երբ համացանցի ամեն անկյունից քո վրա նայում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Եւ այստեղ արդեն կապ չունի, թե որ տիրույթում ես գտնվում` լրատվական քայքերում, YouTube-ում թե Ֆեյսբուքում: Ամենուր քեզ վրա ժպիտով նայում է Րաֆֆին, ընդ որում առավել ակտիվ նայում է իշխանական կայքերից և տիրույթներից:

Մի կերպ ավարտելով իմ աշխատանքը որոշեցի դուրս գալ մի փոքր մաքուր օդ շնչել, քանի որ երեկվա եղանակը ախր շատ լավն էր: Դուրս եկա ու, կարծես թե, հայտնվեցի վատ երազում. այստեղ էլ ինձ վրա ամեն տեղից նայում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նայում էր պաստառներից, միկրոավտոբուսներից, ֆլայերներից: Նյարդացա, նստեցի երթուղային  ու եկա տուն: Արդեն ուշ երեկոյան որոշեցի մի հատ լուրեր կարդալ համացանցով, քանի որ հեռուստացույց արդեն երկար ժամանակ չեմ նայում. շատ է տարբերվում հեռուստային Հայաստանը մեր իրականությունից: Բացեցի համակարգիչը ու աչքիս ընկավ Սերժ Սարգսյանի «Ազատություն»-ին տված հարցազրույցը: Կարդացի, ու էլի Րաֆֆի Հովհաննիսյան:

Համակարգիչը անմիջապես փակեցի ու հասկացա, որ ինձ այդ ամբողջ օրը ընդամենը մի հարց էր տանջում. որտեղի ՞ց Րաֆֆիին այդքան փող: Միանգամից ինքս ինձ վրա ջղայանացա, քանի որ ապուշ հարց էր, հաշվի առնելով, որ մեր երկրում գործում է գրեթե տոտալիտար համակարգ ու նմանատիպ քարոզարշավներ հնարավոր չէ իրականացնել առանձ Բաղրամյան 26-ի համաձայնությանը, այն էլ հաշվի առնելով, որ ամբողջ մեդիադաշտը, բացառությամբ մի քանի կայք, թերթ ու ալիք, գտնվում է Միքայել Մինասյանի ձեռքը:

Դե ինչ, այն իրավիճակում, որում հայտնվել է Սերժ Սարգսյանը, մարիոնետկաներին պետք է լավ նայել, որ մարդիք մոռանան, թե ով է թելերից քաշում: Բայց, կարծում եմ, այս անգամ Բաղրամյան 26-ում մի փոքր չափը անցել են: Բացահայտ երևում է, թե ով է ֆինանսավորում Րաֆֆիին, ում շնորհիվ է նա նկարահանում նախընտրական տեսահոլովակ, որը այդքան էլ էժան չէ, և ում համաձայնությամբ է  հյուրընկալվում «Արմենիա» հեռուստաալիքում, որը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:

Բայց չեմ կարծում, որ այս ամենը կարող է թեժ մրցակցության տպավորություն ստեղծել, քանի որ թատրոնում վատ դերասաններ են հավաքվել: Այս ամենի միակ արդյունքը  կլինի  այն, որ մարդիք կվախենան բաղնիք մտնել. հանկարծ Րաֆֆին չհայտնվի:  Ապրենք-տեսնենք:

Արմեն Միքայելյան

Այս նյութը հրատարակվել է ՏԵՍԱԿԵՏ, Քաղաքականություն-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն